Թումանյան Հովհաննես՝ Թարգմանություններ և փոխադրություններ | |
Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում: Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում. գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է: Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը, ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի:
Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք:
Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.
— Հե՛յ, ո՞նց եք... ո՛նց...
Ձենից պատերն ու օճորքը դողում են:
— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք:
Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում: Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են:
Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին: Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած-զարմանում է:
— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել, — հարցնում է գյուղացուն:
— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա, — պատասխանում է գյուղացին. — դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են: Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր:
Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է: Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ: Բայց, երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն: Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի:
Դու մ՜ի ասիլ` թագավորը վաղուց ցանկություն է ունեցել ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են: Հիմի նոր է գլխի ընկնում, թե ինչո՞ւ են մերժել իրեն. — վախեցել են, թե խլանան:
Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.
— Հե՛յ, ո՞վ է կարող ինձ բժշկի. ով բժշկի` իր քաշովը մին ոսկի կտամ:
Ձենը որոտալով ու դրըմդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ: Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակնուվրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի: Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում:
Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել. հենց էդ միջոցին հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է.
— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը:
Թագավորն ուրախանում, աշխարհքովը մին է լինում: «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ-պրծանք գնաց: Էս լավ էր, էս հեքիմին էլ մի բան կտամ կգնա. էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի. մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»:
Հենց էստեղ հեքիմն ավելացնում է.
— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր: Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը: Եթե մին սխալվեցիր-նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին: Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել-Անլեզու աղջիկն է:
— Իսկ նա ո՞րտեղ է, — հարցնում է թագավորը:
— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում: Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ-լեզու չունի: Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց` դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ:
Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ. ճար չուներ, անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորհրդականի հետ միասին ճանապարհ է դնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը — Անլեզու աղջկա մոտ:
Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում. թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ: — Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են: — Թե` կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունեմ: Ասում են` գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ու՛ր, ու՛մ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի: Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց.
— Որոնեցեք — կգտնեք: Սրա մեջն է թագավորի բախտավորությունը:
— Լա՛վ, մենք էլ կորոնենք, — ասում է թագավորը:
Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում:
— Հե՛յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը: Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՛մ:
Կարծես թե ճիշտ որ ամպ է որոտում: Ձենը մինչև որտեղ հասնում է` ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս:
Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում-դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր:
Թագավորն սկսում է հուսահատվել: Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում: Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասինը բոլորովին խլանում է: Եվ որովհետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուր ու դմփոցներ են պատահում: Ոստիկանությունը միանգամայն գլուխը կորցնում է, հա՜յ դես է վազում, հա՜յ դեն է վազում: Եվ որովհետև, թագավորին մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում:
Թագավորը քանի գոռում է`
— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք, — էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում:
Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է.
— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ: Ով ձեն ունի — կկտրի, ով չունի — կգտնի: Ա՜յ ձենի դե՛ղ, ա՜յ լավ ձենի դե՛ղ...
Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում է բռնեն մոտը բերեն էն լրբին:
Երբ բռնում են, ներս են բերում պալատը` բարկացած որոտում է.
— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև: Ի՞նչ ձենի դեղ ես ծախում... Ցո՜ւյց տուր հապա` տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը...
— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա: Համեցեք, փորձիր, տե՜ս` ճշմարիտ եմ ասում, թե չէ:
Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա:
Թագավորը նայում է սրան, ոտից գլուխ չափում: Շորերին է նայում-տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են:
— Անունդ ի՞նչ է:
— Անունս Անլեզու է: Իհարկե, տեսնում ես, թագավոր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ: Գուցե ավելի պատշաճ էր, որ երկար լեզվանի կոչեին. բայց եղածը եղած է...
Եվ առանց քաշվելու, որ ինքը գտնվում է ոչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ.
— Ա՛յ ձենի դե՛ղ, լա՜վ ձենի դե՛ղ. ով ունի — կկտրի, ով չունի — կգտնի՛...
Թագավորի ծիծաղը պրծնում է:
— Հապա, — ասում է, — էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ:
Առնում է մինը կուլ տալի, և ո՜վ զարմանք, ձենի կեսը կորչում է: Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ Թագավորին: Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից: Կուլ է տալիս վերջացնում: Ետ է դառնում որ մի բան ասի, — չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում: Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում:
Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավառություններ սարքեն, ուտելիքներ ու գինի բաժանեն ժողովրդին:
— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ, — դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին: — Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը:
— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավոր: Ահա իմ բոլոր ուզածը:
— Էդքա՞նը, — զարմանում է թագավորը: — Շատ քիչ է: Բայց թո՜ղ էդպես լինի, ինչպես ուզում ես:
Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվազում, որ պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում: Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում — հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը:
Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին ու մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ:
Ժողովուրդը սկսում է հետաքրքրվել` թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ: Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը կատակով անծանոթին խնդրում է, թե`
— Հապա մի քու լեզուն ցո՜ւյց տուր, տեսնենք ընչից է շինած:
Էս ասելն է լինում: Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե` լեզուդ ցո՛ւյց տուր:
Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին: Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է.
— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում: Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանի՛ր ցույց տուր. ահա՜ էսպես:
Ու լեզուն հանում է:
Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը. հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ թե կավից լիներ շինած:
Նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած: Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ:
— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է: Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակեց կախարդ հեքիմը, նա հայտնվել է:
Պալատը տակնուվրա է լինում: Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի դռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով: Զուր է թագավորը կանչում.
— Չի կարելի մտնել նրա մոտ: Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել...
Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը: Տեսնում են` ոնց է շրթունքները շարժում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, — չեն իմանում:
Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում են հիացած: Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի, հովհարը ձեռին իրեն հով է անում:
Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին:
Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին: Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելուն պես էրվում է մատների մեջ:
— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ: Շնորհակալ եմ, իմ թագուհի, — կանչում է թագավորը մի էն տեսակ դուրեկան ձենով, որ մինչև էն օրը ոչով չէր լսած կյանքում:
— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ ա՜նգին ամուսին, — պատասխանում է աղջիկը:
Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից: Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը:
Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական — երբեմնի գյուղացին: Ասում է.
— Ահա է՜ս էր ձեր ճակատագիրը: Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք: Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ...
— Չէ... ինչո՞ւ... ինչո՞ւ... — կանչում է թագավորը:
Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզակ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում:
Բանից դուրս է գալիս, որ սա էլ կախարդների օգնականն է եղել:
Ուրախ և գոհ Որոտ Թագավորն և գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ: Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները:
Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար: Թեև մարդիկ շշնջում էին.
— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան:
Կապրենք, կտեսնենք:
ԳԵՂԵՑԿՈԻՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ
Լինում է չի լինում մի վաճառական, տասներկու տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը Գեղեցկուհի Վասիլիսա: Վասիլիսայի ութ տարին լրացած-մերը մեռնում է: Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է.
— Լսի՛ր, Վասիլի՜սա, միտդ պահիր և կատարիր իմ վերջին խոսքը: Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ: Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես: Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար ունես քո ցավին:
Ասում է, աղջկանը համբուրում ու մեռնում:
Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուգ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա: Ու ամուսնանում է մի այրի կնոջ հետ: Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում:
Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում: Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա: Մի խոսքով` օր չեն տալի:
Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն օրի վրա լցվում, լավանում է. այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում:
Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը: Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում:
Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար: Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր.
— Տիկնիկ ջան, ա՜ռ, ա՜նուշ արա,
Իմ սև դարդին ա՜կանջ արա:
Հորս օջախումը ապրում եմ ես
Միշտ անխնդում ու լուռ էսպես:
Իմ խորթ մերը խաթուն-խանում-
Ինձ աշխարհքից դուրս է անում:
Ասա՛, հո՛գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ:
Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ: Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր, ու մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած:
Էսպես մի քանի տարի անց է կենում: Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու: Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա: Չար կինը ավելի է կատաղում, ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում, թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ: Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում:
Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում: Խորթ մերն ուրիշ տուն է փոխվում:
Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի Կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր: Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է` Կախարդի ճանկն ընկնի: Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում Կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ առողջ վերադառնում է տուն:
Էսպեսով հասնում են աշունքը: Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի-էն էլ դաս: Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ: Էս Կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի:
Աղջիկները բանում են: Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է` իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի: Ուղղելու փոխարեն, իբրև թե հանկարծ լույսը հանգցնում է: Դու մի՛ ասիլ` մերն է սովորեցրել, որ էդպես անի:
— Հիմի ի՞նչ անենք, — ասում են աղջիկները: — Լուս չկա, դասներս էլ կիսատ են:
— Ի՜նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք Կախարդ պառավից կրակ բերենք:
— Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս. կրակն ի՞նչ եմ անում. ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ, — ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում:
— Ես էլ չեմ գնալ, — էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում, — ինձ իմ միլերի լույսն էլ է բավական:
— Դե՛ վեր կաց դու գնա, — միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային: — Գնա՜ Կախարդ պառավից կրակ առ բեր:
Վասիլիսան վեր է կենում գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում.
— Տիկնիկ ջան, ա՜ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՜կանջ արա:
Ինձ ղրկում ես կրակ բերեմ չար պառավից,
Չար պառավը կուտի հո ինձ...
Ասա՛, հո՜գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ:
Տիկնիկը որ ուտում է պրծնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է.
— Մի՛ վախենար, Վասիլիսա. ուր որ ղրկում են-գնա՛, միայն թե ինձ հետդ պահիր: Ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի ասիլ:
Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութն անտաոը: Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի. հետը գնում է, հետը դողում: Մին էլ էն է տեսնում` մի սիպտակ ձիավոր ցոլաց ու անցավ. ինքը սիպտակ, հագինը սիպտակ, ձիու սարքը սիպտակ, ու սկսեց ծեգել:
Մի քիչ էլ գնում է, տեսնում՝ հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ. ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր. էստեղ էլ արևը բացվեց...
Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս էն բացատը, որտեղ կանգնած է լինում Կախարդ պառավի խրճիթը: Խրճիթի չորս կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ-էնտեղ վրեն ցից հանած մարդկային գանգեր: Դարբասի սյուների փոխարեն մարդկային ոտներ,-փակիչի տեղը-ձեռներ, կողպեքի տեղակ-ատամները վրեն ծնոտներ:
Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում: Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագինը սև, տակինը սև. քշած գալիս է ու Կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում: Ու վրա է հասնում գիշերը: Բայց ցանկապատի վրա ցից հանած գանգերի աչքերը լույս են տալի մթնում, ու բացատն էնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ: Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում որ կողմը փախչի, մնում է մեխված:
Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում. ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է. դու մի՛ ասիլ՝ Կախարդ պառավն է, անտառից դուրս է գալիս:
Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով: Գալիս է դռանը կանգնում, չորս կողմի վրա հոտոտում ու իրեն-իրեն վըռչում.
— Թո՜ւհ, թո՜ւհ, թո՜ւհ, մարդ — մարդահոտ է գալիս... ո՞վ կա էստեղ...
Վասիլիսան էն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում.
— Ես եմ, նա՜նի ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ կրակի:
— Լա՛վ, լա՛վ, — ասում է կախարդը, — ճանաչում եմ ինչ պտուղներ են: Դե ինձ մոտ կացի ու աշխատի: Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ տանես նրանց համար, թե չէ-քեզ էլ կուտեմ:
Հետո դառնում է իր դարբասին ու ճչում.
— Հե՛յ բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացե՛ք, լեն դարբասնե՜ր...
Դռները իսկույն բացվում են: Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են:
Ներս են մտնում թե չէ, Կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում.
— Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ:
Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար ետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում: Ուտելիքն էնքան է լինում, որ տասը հոգի ուտեին-հերիք կաներ: Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի: Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի: Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում.
— Լա՛վ մտիկ արա հա՛, առավոտը որ ես կերթամ — դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես: Միայն թե տե՛ս, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ` քեզ կուտեմ:
Պատվիրում է ու քնում: Վասիլիսան պառավի թերմացքը տանում դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում.
Կե՛ր, տիկնիկ ջան, ա՜նուշ արա,
Իմ սև դարդին ականջ արա:
Չար պառավը իմ ուժից վեր,
Տվել է ինձ ծանըր գործեր
Անեմ-էնքան ես ուժ չունեմ,
Չանեմ-կուտի, ես ի՞նչ անեմ...
Տիկնիկը պատասխանում է.
— Մի՛ վախենար, սիրուն Վասիլիսա: Հաց կե՛ր, աղոթի՛ր ու քնիր: Լուսը կգա` բարին հետը:
Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են: Ահա ցոլաց և սիպտակ ձիավորն ու լուսը բացվեց: Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը. ցոլաց կարմիր ձիավորը — արևը ծագեց: Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով:
Վասիլիսան էլ ետ մնում է մենակ: Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա: Ապա սկսում է միտք անել, թե ինչպես անի, որ պառավի պատվերը կատարի: Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորնի միջի վերջին տերեփուկներն է ջոկում:
— Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վասիլիսա, — ասում է տիկնիկը ու մտնում գրպանը:
Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին: Սկսում է մթնաժոռել: Դարբասի առջև սևին է տալիս սև ձիավորն, ու ակնակիր մութը կոխում է գետինը: Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում:
Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ. — պառավը գալիս է: Վասիլիսան դուրս է գալի դեմը:
— Հը՜, ամեն բան պատրա՞ստ է, թե չէ:
— Պատրաստ է, նա՜նի ջան, ա՜րի քո աչքովը տես, — պատասխանում է Վասիլիսան:
Պառավը ներս է մտնում, տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա: Ասում է.
— Դե՜ լավ, — ու ճչում է. — իմ ընկերնե՜ր, իմ աջ ձեռնե՜ր, եկեք, տարեք իմ աղունն աղացեք:
Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում:
Պառավն ուտում է կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս. ասում է.
— Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան` հոբիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ: Չեմ իմանում, թէ ո՛վ է հողն ու խաշխաշն իրար խառնել:
Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում:
Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում.
— Աղոթի՛ր ու քնիր, Վա՜սիլիսա, — պատասխանում է տիկնիկը. — լուսը կգա` բարին հետը: Ամեն բան պատրաստ կլինի վաղը:
Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում: Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում.
— Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար:
Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռներ, խաշխաշն առնում են տանում:
Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին:
— Ինչո՞ւ չես խոսում, — հարցնում է Կախարդը, — էնպես լուռ ու մունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա:
— Չեմ համարձակվում խոսեմ, նա՜նի ջան, — պատասխանում է Վասիլիսան. — իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ:
— Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիր — լավ չի, որ ամեն բան իմանաս. շատ իմանաս-շուտ կպառավես:
— Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նա՛նի ջան, ինչ որ աչքով տեսել եմ: Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս-ինքը սիպտակ, հագինը սիպտակ, տակինը սիպտակ. էն ո՞վ է էն ձիավորը, նա՛նի ջան:
— Էն իմ պայծառ օրն է, — պատասխանում է Կախարդը:
— Հետո տեսա մի ուրիշ ձիավոր — ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր. էն ո՞վ է:
— Էն էլ իմ կարմիր արևն է:
— Իսկ էն սև ձիավորն ո՞վ է, որ քո դարբասի դռանը վրա հասավ, ինքը սև, հագինը սև, տակինը սև:
— Էն էլ իմ մութը գիշերն է: Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են:
Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռներն ու լռում:
— Էլ ինչո՞ւ չես բան հարցնում:
— Էս էլ հերիք էր, նա՛նի ջան: Չէ՞ դու ինքդ ասիր` թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ:
— Լավ ես անում, որ էն ես հարցնում` ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել: Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ: Դե կա՜ց, հիմի էլ ես քեզ հարցմունք անեմ: Դու էդ ի՞նչպես ես կարողանում անել ու հասցնել էսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ:
— Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, նա՛նի ջան, — պատասխանում է Վասիլիսան:
— Ո՞նց թե... դու օրհնած ես, հա՜... Դե էստեղից դո՜ւրս գնա կորի դու, օրհնված աղջիկ: Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ:
Ասում է ու խրճթից դուրս քաշում, դարբասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծեր է անց կացնում ձեռը տալի, թե՝
— Էս էլ քեզ կրակ` քո խորթ մոր ու իր աղջիկների համար: Չ՞է որ նրանք քեզ կրակի են ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես:
Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն: Ձեռքի գանգը ճամփին լուս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում: Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում: Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքումն ասում է` մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած: Էս մտքի մեջ` մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի. «ինձ դեն մի՛ գցիլ, տար քո խորթ մոր մոտ»…
Տանն էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում:
Խորթ մերն ու իր աղջիկները Վասիլիսային որ տեսնում են` սկզբումը ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից, ինչ դու գնացել ես` մեր տանը դեռ կրակ չի վառվել: Մենք չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել թե չէ` հանգել է:
Հիմի քո կրակը վառ կմնա, — ասում է խորթ մերը:
Գանգը ներս են տանում թե չէ` աչքերն էնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում: Ուզում են թաքչեն, բայց ուր որ թաքչում են, աչքերը ամեն տեղ հետևում ու նայում են նրանց, էրում, կրակում են նրանց:
Ու լուսադեմին խորթ մերն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել, միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել:
Следующая страница |